Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անցկացվեց սեմինար
Նախօրեին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները: Նշված հանդիպումը և սեմինարի իրականացումը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ:
Հյուրերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման աջակցության, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդման գործում կարողությունների համատեղման և ընդլայնման վերաբերյալ հարցեր, հաշվի առնելով նաև այն, որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության երաշխավորման, արդարադատության իրականացման և օրինականության ամրապնդման գործում:
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերին այցելության և սեմինարի անցկացման նախաձեռնության համար՝ ընդգծելով ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ծավալման կարևորությունը:
Հյուրերի կողմից ևս կարևորվեց արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ այդ առումով հայտնելով իրենց պատրաստակամությունըԼ
Այնուհետև, օրակարգի համաձայն ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից անցկացվեց սեմինար «ԱՄՆ ստանդարտ թողարկման թղթադրամների պաշտպանական հատկանիշների ուսումնասիրություն» թեմայով, որին մասնակացում էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների փորձագետներն ու ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Սեմինարն իրականացվեց ինտերակտիվ եղանակով, որի ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք գործնական հարցեր, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Արսեն Բաղդասարյանի կողմից ներկայացվեցին կեղծ թղթադրամների փորձաքննությունների հետ կապված մինչ օրս կուտակված փորձը և որոշ դեպքերում գործնականում ի հայտ եկող խնդիրները:
Այնուհետև, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի լաբորատորիայում դիտարկվեցին և քննարկվեցին կեղծ թղթադրամների մանրադիտակային և այլ մեթոդներով հետազոտությունների վերաբերյալ մի շարք գործնական հարցեր, հատկանիշների գնահատման առանձնահատկություններ և այլ կարևոր խնդիրներ:
Այս և մասնագիտական հնարավորությունների զարգացմանն ու միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև սերտ համագործակցության և ձևավորված բարձր մակարդակի փոխըմբռնման մասին:
28 Դեկտեմբեր 2016